Դասընթաց «Գարնանն ընդառաջ» ծրագրի մասին

Մայիսի 12-ին «ԱրԱվես» ՀԿ բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանն հետաքրքիր գիտելիքներով զինեց Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներին։ «Գարնանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում երեխաները տեղեկացան ծրագրի, դրա կարևորությունն ու դերի մասին, ինչպես նաև սովորեցին, թե որոնք են գարնանային թռչնատեսակները՝ գարնան ավետաբերները, որոնք ունեն պահպանության կարիք։

Դասընթացն անցավ դինամիկ և աշխույժ մթնոլորտում։ Մասնակից երեխաները բարելավեցին թռչունների մասին իրենց գիտելիքները, բացահայտեցին նոր փաստեր և խոստացան անպայմանորեն փոքրիկ թռչնադիտարկում անել և լուսանկարել հանդիպած թռչուններին։ Ի դեպ, կրթահամալիրն ունի գեղեցիկ այգի, որտեղ կարելի է հանդիպել մի շարք թռչնատեսակների և հետաքրքիր դիտարկում անցկացնել։

«ԱրԱվես» ՀԿ-ն բարձր է գնահատում դասընթացի մասնակցության ակտիվությունը և այդ ընթացքում երեխաներին փոխանցված գիտելիքները, որոնք նրանք հետագայում հնարավորություն կունենան կիրառելու։ Մասնակից երեխաները ստացան նաև խրախուսական նվերներ՝ տպագրական նյութեր, որոնց օգնությամբ կկարողանան բարելավել և ամրապնդել ստացած տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ «Գարնանն ընդառաջը» միջազգային նախագիծ է, որի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ «Գարնանն ընդառաջ» ծրագիրն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից՝ HeidelbergCement-ի աջակցությամբ։