«Գարնանն ընդառաջը»՝ Խնձորուտ համայնքի դպրոցում

«ԱրԱվես» ՀԿ կողմից «Գարնանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում շարունակվում են հետաքրքիր դասընթացներ իրականացվել թռչնասեր պատանիների համար։ Ծրագրի մասին դասընթացների շարքը մեկնարկել է Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքից, սակայն դասընթացներ նախատեսվում են մարզի շուրջ 10 դպրոցներում։ Խնձորուտի դպրոցի սաները վստահաբար կարևոր գիտելիքներ ստացան Հայաստանի թռչունների և «Գարնանն ընդառաջ» ծրագրի մասին։

Դասընթացների ընթացքում մասնակիցները լսել և սովորել են գարնան ավետաբերների մասին, թռչունների միգրացիայի և նրանց սպառնացող բնապահպանական խնդիրների մասին։ Պատանիները խոստացել են դիտել թռչուններին և իրենց դիտարկումներն ավելացնել www.springalive.net կայքում։ Ի դեպ, դիտարկումների քանակով Հայաստանը գտնվում է լավագույն տասնյակում և մրցում է մեր տարածաշրջանի և Եվրոպական երկրների հետ։

Նշենք նաև, որ «Գարնանն ընդառաջը» միջազգային նախագիծ է, որի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ «Գարնանն ընդառաջ» ծրագիրն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից՝ HeidelbergCement-ի աջակցությամբ։