«Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի պատանի բնապահպանները իրականացրել են սպիտակ արագիլների հաշվառում։

Իրականացված հաշվառման արդյունքում արձանագրել են սպիտակ արագիլների քանակային աճ, ինչն ուրախացնող ցուցանիշ է։ Բացի այդ, վերջիններս նկատել են, որ արագիլներն իրենց բները հիմնականում կառուցում են էլեկտրական սյուների վրա, ինչն շատ հաճախ դառնում է հրդեհների պատճառ, քամու և այլ երևույթների հետևանքով շրջվում է կամ քանդվում՝ վնասելով թռչուններին և նրանց ձագերին։

Կանխարգելելու համար հնարավոր վտանգները «ԱրԱվես» ՀԿ կողմից կիրականացվի փորձարարական ծրագիր և Արենի համայնքում արագիլների որոշ բներում կտեղադրվեն արհեստական հարթակներ, որոնք հնարավորություն կտան բները դարձնել առավել անվտանգ արագիլների և մարդկանց համար։

Հիշեցնենք, որ «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Յուրաքանչյուր գարնան թռչունները հսկայական ժամանակ և ռեսուրսներ են ծախսում պաշտպանելու համար իրենց բույնն ու ձագերին։ Ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու, Փողկապավոր քարադր, Առափնյա ծիծեռնակ, Ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։

Ծրագիրը իրականացվում է Բիրդլայֆ միջազգային կազմակերպության և Հայդելբերգ Ցեմենտի ֆինանսական աջակցության շնորհիվ։