Արենի համայնքի պատանի բնապահպանները ստացել են խրախուսական նվերներ

Օրերս «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի պատանի բնապահպաններն իրենց կատարած աշխատանքի համար ստացել են խրախուսական նվերներ, որոնք հուսով ենք կուղղորդեն նրանց դեպի նոր հետաքրքիր և յուրահատուկ գաղափարներ, քանի որ «ԱրԱվես» ՀԿ մշտապես կարևորել է էկո-կրթության տարածումը հատկապես երիտասարդների շրջանում։

Սպիտակ արագիլների հաշվառում իրականացրած պատանիները ստացել են ուշագրավ տպագրական նյութեր, Հայաստանի թռչունների դաշտային ուղեցույց, ինչը հնարավորություն կտա առավել լավ ճանաչել թռչուններին և նրանց առանձնահատկությունները։ «ԱրԱվես» ՀԿ-ն խրախուսել է նաև Հայաստանում մեկանգամյա պլաստիկի օգտագործման կրճատումը՝ նվիրելով նաև թերմոբաժակներ, ինչը հնարավորություն կտա գտնվելով բնության գրկում առավել քիչ վնաս հասցնել շրջակա միջավայրին։

Նախատեսվում է նաև «ԱրԱվես» ՀԿ կողմից իրականացնել փորձարարական ծրագիր և Արենի համայնքում արագիլների որոշ բներում տեղադրվեն արհեստական հարթակներ, որոնք հնարավորություն կտան բները դարձնել առավել անվտանգ արագիլների և մարդկանց համար։ Ի դեպ, հաշվառման արդյունքում արձանագրվել է սպիտակ արագիլների քանակային աճ, ինչն ուրախացնող ցուցանիշ է։

Հիշեցնենք, որ «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Յուրաքանչյուր գարնան թռչունները հսկայական ժամանակ և ռեսուրսներ են ծախսում պաշտպանելու համար իրենց բույնն ու ձագերին։ Ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու, Փողկապավոր քարադր, Առափնյա ծիծեռնակ, Ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։

Ծրագիրը իրականացվում է Բիրդլայֆ միջազգային կազմակերպության և Հայդելբերգ Ցեմենտի ֆինանսական աջակցության շնորհիվ։