Ինչպես պատրաստել կերակրաման թռչունների համար

Ձմռան ամիսներին ընդառաջ անչափ կարևոր է հավելյալ սննդի պաշար ապահովել թռչունների համար։ Ձմռան ցուրտ ամիսներին, երբ յուրաքանչյուրն ունի ջերմության և հոգատարության կարիք, կարելի է մի փոքր ժամանակ և միջոցներ հատկացնել նաև ձեզ շրջապատող թռչունների կերակրման համար։ Այս շրջանում նրանք ամենաշատն ունեն օգնության կարիք և հատկապես դպրոցահասակ երեխաները լավագույնը դա կարող են անել։

«ԱրԱվես» ՀԿ-ն պատրաստել է մի քանի պարզ քայլ, որոնց հետևելով յուրաքանչյուր պատանի կարող է մեծ օգնություն ցուցաբերել իրեն շրջապատող թռչուններին։

Քայլ 1․ նախապատրաստիր պլաստիկ շիշը

Պլաստիկե շշից կերաման պատրաստելու համար հարկավոր է ունենալ առնվազն 2լ տարողությամբ նախապես լվացված, մաքուր շիշ։ Շշի վրայից անհրաժեշտ է հեռացնել բոլոր պիտակները։

Քայլ 2․ անցքեր շշի վրա

Մկրատի կամ դանակի միջոցով ուղղանկյուն 2 անցք անել շշի ստորին հատվածում յուրաքանչյուրը 5-7 սմ չափով, այնպես որ թռչունը հեշտությամբ կարողանա սնվել։

Քայլ 3․ պատրաստել թառ

Արդեն իսկ արված անցքերի ստորին մասում մատիտի կամ բարակ ճյուղի հաստությամբ փոքր անցքեր անել։ Անցկացնել բարակ ճյուղ կամ մատիտ, այնպես որ թռչունները կարողանան նստել և սնվել։

Քայլ 4․ լցնել շիշը սերմերով

Շիշը լցնել արևածաղկի կամ թռչունների համար նախատեսված այլ սերմերով։ Փակել շշի բերանը կափարիչով։

Քայլ 5․ ամրացնել

Շիշը ծառին ամրացնել պարանի շնորհիվ, այնպես որ այն հնարավորինս քիչ ճոճվի և ապահով լինի։

Հավելյալ սննդի պաշար ապահովելու ընթացքում անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել այնպես, որ այն հնարավորինս անվտագն լինի․ կերակրման վայրերը պետք է լինեն ապահով և գիշատիչների աչքից հեռու։ Բացի հավելյալ սնունդը չպետք է մոռանալ նաև թռչունների համար հավելյալ ջրի պաշար ապահովելու մասին։ Ջուրը նույնքան կարևոր է, որքան սնունդը։ Հետևելով այս քայլերին, մեկ օր կնկատեք, որ ձեր կողմից խնամվող տարածքը վերածվել է ձեր սիրելի թռչուններով լեցուն դրախտի։

Հայաստանում հանդիպող յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի բազմազան թռչնատեսակների ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։