CWR տարածքում սև անգղերի բնադրող զույգ է նկարահանվել

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Տիգրան Անդրեասյանի կողմից մասնավոր կերպով պահպանվող տարածքում նկարահանվել է սև անգղի բնադրող զույգ, իսկ բնում՝ արդեն թռիչքի պատրաստվող ձագ: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է, քանի որ նախկինում սև անգղերը բնադրել են միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, իսկ այժմ՝ նաև CWR-ում։ Սա նշանակում է, որ այս հազվագյուտ թռչնատեսակը Հայաստանում ընդլայնում է իր արեալը, ինչը շատ մեծ առաջընթաց է։

Այն, որ սև անգղի այս զույգը բնադրում է նաև CWR տարածքում, ևս մեկ վկայությունն է մասնավոր կերպով պահպանվող տարածքների մոդելի արդյունավետության։

Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: Թերևս ՀՀ կենդանիների կարմիր գրքում նշված է, որ տեսակի թվաքանակը նկատելիորեն կրճատվում է, սակայն վերջին տարիներին մասնագետները պնդում են, որ թվաքանակը կայունացել է և կա աճի դրական միտում։ Տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D: Դասվում է Հայաստանի նստակյաց, բնադրող թռչունների թվին: Սև անգղի ապրելավայր է համարվում լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերը լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում, սովորաբար, ծ.մ 1200-2000 մ. բարձրություններում: Բնադրավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

ԿԳ տվյալների համաձայն սև անգղի պոպուլյացիայի վտանգման հիմնական գործոններ են, հավանաբար, կերային բազայի վատթարացումը` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը:

Share your thoughts