Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ առաջին մասնավոր պահպանվող տարածքը Հայաստանում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) մասնավոր կերպով պահպանվող տարածք է, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ 2010թ․-ից սկսած 400 հա տարածքից հասել է 2000-ի և տարածվել է Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանով։ CWR հիմնական նպատակն է արգելոցի նախկինում ոչ այնքան ճիշտ կառավարվող բուֆերային տարածքներում իրականացնել կենսաբազմազանության արդյունավետ պահպանություն, որոնք նաև վայրի կենդանիների միգրացիայի միջանքներ են։ Այս նպատակին կարելի է հասնել համայնքների կայուն զարգացման, պահպանության և մարդկանց վարքի փոփոխությունների միջոցով։

Նշված տարածքները հսկվում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) անտառապահների կողմից, որոնք մշտապես գտնվում են պահպանվող տարածքներում և ունեն բավականաչափ կարողություններ կանխելու մարդու կողմից յուրաքանչյուր բացասական ազդեցություն։ Անտառապահների կողմից 24/7 ռեժիմով հսկվում է շուրջ 8000 հա տարածք՝ կանխելով տարածքում յուրաքանչյուր հակաօրինական ակտիվություն, ինչպես նաև հետևում են կենդանիների շարժին նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ։ CWR-ը միակ նման մոդելով կառավարվող տարածքն է ամբողջ Հարավային Կովկասում։

Մարտահրավերներ

ՀՀ-ում բնապահպանության ներկայիս իրավիճակը տարիներ շարունակ իրականացվող հողօգտագործման, քաղաքականության և կառավարման հետևանք է։ Այժմ գործող օրենքներն ու իրավական նորմերն ամբողջությամբ համապատասխանում են դեռևս խորհրդային շրջանում օգտագործվող կարգերին։ Դրանք հռչակում են, որ պահպանվող տարածքները պետք է լինեն միայն պետական կառավարման ներքո։ Մշակված օրենքների և ռազմավարության իրագործումը ևս թույլ է և ոչ միանշանակ։ ՀՀ օրեսդիր մարմինների կողմից քիչ տեղ է հատկացվել բնապահպանական օրենսրության արդիականացմանը։ Մեր գործունեության հատկապես առաջին տարիներին մենք հաճախ են բախվել գյուղացիական համայնքների հետ խնդիրների, ինչն առաջացել է անվստահության և բնապահպանության գաղափարի սխալ ընկալման հետևանքով։

Շահառուներ

Հիմնադրամի հիմնական գաղափարն է իր ծրագրերում հնարավորինս ներգրավել տեղի համայնքների երեխաների, երիտասարդների և կանանց ներուժը, տեղական ինքնակառավարման և պետական մարմիններին, ֆերմերներին, գիտական և կրթական հաստատություններին։

Ազդեցություն

2010 թվականին CWR տարածքում վայրի կենդանիներ գրեթե չեն եղել, ինչը հիմնականում ապօրինի որսի հետևանք է, իսկ այսօր ամբողջ տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկներն արձանագրում են բազմատեսակ կարմիրգրքյան կենդանատեսակների, ինչպիսին են՝ բեզոարյան այծերը, գորշ արջերը, մորուքավոր անգղերը, քարարծիվները, ինչպես նաև՝ լուսաններ, կզաքիսներ, գորշ գայլեր, աղվեսներ, նապաստակներ և այլն։  Նկարահանվել են նաև շատ հազվագյուտ կովկասյան հովազի առանձնյակներ։

CWR տարածքում կառուցված էկո-տնակները նպաստում են տեղի բնակչության կողմից որդեգրելու առավել բնապահպանական և կայուն զարգացման ուղիներ։ Էկո-տնակները նախատեսված են էկո-զբոսաշրջության, ինչպես նաև ուսանողների, հետազոտողների և գիտնականների համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել տարածքը։

Գյուղական համայնքները ներգրավված են FPWC բնապահպանական ծրագրերում և ուղղակի օգուտներ են ստանում դրանց իրականացումից, այդ թվում՝ համայնքային բյուջեների, աշխատանքի ապահովման, համայնքային շենքերում վերականգնվող էներգետիկայի լուծումների ներդրման միջոցով, ինչպես նաև՝ ջրամատակարարման ցանցերի բարելավման, խմելու կամ ոռոգման ջրի հասանելիության ապահովման, օրգանական գյուղատնտեսության զարգացման և այլ եղանակներով: «Արևորդի» էկո-ակումբները ներգրավում են նաև երիտասարդներին և երեխաներին պահպանության գործում։

Պատմություն

2017թ․-ին Վարդահովիտ համայնքը 2000 հա համայնքային հող է հանձնել Հիմնադրամի կառավարմանը։ Սա շատ մեծ ձեռքբերում է եղել, քանի որ այդ տարածքում նախատեսվել է իրականացնել հանքարդյունաբերական գործունեություն։ Համայնքի որոշմամբ մերժվել հանքարդյունաբերող ընկերության առաջարկը՝ հանձնելով այդ հողերը բնապահպանական նպատակներով կառավարմանը։ Մոնիթորինգը պետք է իրականացվի նշված տարածքում, քանի որ այն հանդիսանում է վայրի բնության համար կարևոր միգրացիոն միջանցք։ Այդ տարածքում զարգանում է կայուն էկո-զբոսաշրջություն, օրգանական գյուղատնտեսություն և համայնքային փոքր ձեռնարկատիրություն, որը տեղի բնակչության համար ստեղծում է նոր հնարավորություններ։

Մեկ այլ նման տարածք է Վայոց ձորում գտնվող Գնիշիկ գյուղը, որը նախատեսված է եղել հանձնել տեղի մեծահարուստներից մեկին՝ որպես որսահանդակ, սակայն համայնքի որոշմամբ այն փոխանցվել է Հիմնադրամի պահպանությանը։ Գնիշիկն օժտված է շատ հարուստ կենսաբազմազանությամբ, որտեղ հաշշվում է շուրջ 889 բուսատեսակ, որոնցից 47-ը՝ կարմիգրքյան, բացի այդ՝ տարածքում առկա է 48 էնդեմիկ բուսատեսակ Կովկասի և Անդրկովկասի համար, որոնցից 16-ը հայկական էնդեմիկ են։ Կենդանական աշխարհը հաշվվում է շուրջ 151 ողնաշարավոր և 217 անողնաշարավոր կենդանիներ, որոնցից 57 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Անհրաժեշտ է կատարել համապարփակ ուսումնասիրություններ և մոնիթորինգի աշխատանքներ Գնիշիկի տարածքում գտնվող կենսաբազմազանության ամբողջական պատկերը կազմելու համար: