Գիշանգղի հետազոտությունը Վայոց Ձորում․ քայլ դեպի պահպանություն
ԱրԱվես ՀԿ-ն ուրախ է տեղեկացնել, որ մեր գործընկեր՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նշանակալի հետազոտություն է իրականացրել Վայոց Ձորում Գիշանգղի (Neophron percnopterus) բնակչության ուսումնասիրության ուղղությամբ։
Եգիպտական անգղը, որը բնական ժառանգության խորհրդանիշ է շատ տարածաշրջաններում, ներկայումս վտանգված է թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակով։ Հայաստանում այս տեսակը զգալի նվազում է ապրում բնակավայրի վատթարացման, մարդկային միջամտության, ուղղակի հետապնդման, գյուղատնտեսական թունաքիմիկատների և սննդի աղբյուրների սակավության պատճառով։
FPWC-ն այս կարևոր մոնիթորինգի ծրագիրը նախաձեռնել է RENATE II ծրագրի շրջանակներում` BirdLife International-ի աջակցությամբ։ Նրանք համագործակցել են BirdLife-ի գործընկերների հետ Բուլղարիայում (BSPB) և Վրաստանում (SABUKO)՝ հետազոտելու համար եգիպտական անգղի պոպուլյացիան Եղեգիսի հովտում և հարակից տարածքներում` միաժամանակ նպաստելով մասնակից կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։
Հետազոտությունն անցկացվել է հուլիսի վերջին, երբ եգիպտական անգղի զույգերն ակտիվորեն կերակրում են իրենց ձագերին։ FPWC-ի թիմը կիրառել է դիտակետային և նախանշված երթուղիներով դիտարկումների մեթոդներ՝ Եղեգիսի հովտում, ինչպես նաև` Նորավանքի կարևոր թռչնաբանական տարածքում (IBA) անգղերին և նրանց բները հայտնաբերելու համար։
Հինգ ինտենսիվ դաշտային օրերի ընթացքում հետազոտողները հայտնաբերել են մոտավորապես 30 բուն, որոնց մեջ կային նաև եգիպտական անգղի բներ։ Այս բացահայտումը կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ չնայած սպառնալիքներին, դեռևս կան բնադրող զույգեր, որոնք նպաստում են տեսակի շարունակականությանը։
Բացի գիշանգղերից, FPWC-ի թիմը փաստագրել է նաև այլ կարևոր գիշատիչ թռչունների, ներառյալ Մորուքավոր անգղի (Gypaetus barbatus), Քարարծիվի (Aquila chrysaetos), Մեծ / Տափաստանային ճուռակի, (Buteo buteo vulpinus) և երկարոտ ճուռակի (Buteo rufinus), Սապսանի (Falco peregrinus), Բվեճի (Bubo bubo) և Սև ագռավի (Corvus corax) առկայությունը։
ԱրԱվես ՀԿ-ն բարձր է գնահատում FPWC-ի կատարած աշխատանքը և հավատում է, որ հավաքված տվյալները կարևոր դեր կխաղան ապագա պահպանության ռազմավարությունների մշակման գործում։ Մենք հանձնառու ենք շարունակելու համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ պահպանելու Հայաստանի եզակի կենսաբազմազանությունը և ապահովելու գիշանգղի ու այլ վտանգված տեսակների գոյատևումը հետագա սերունդների համար։

English
