Միջազգային մրցույթ՝ Հայաստանի թռչնասեր ուսուցիչների և աշակերտների համար

«Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում «ԱրԱվես» ՀԿ-ն հետաքրքիր մրցույթ է պատրաստել ուսուցիչների և նրանց աշակերտների համար։ Մասնակիցները խրախուսվում են անցկացնել յուրաքանչյուր նախընտրելի ձևաչափով դասընթաց կամ որևէ միջոցառում աշակերտների մասնակցությամբ «Գարնանն ընդառաջի» թեմայով՝ «ինչպե՞ս պաշտպանել թռչունների բները»։

Նշենք, որ մրցույթը միջազգային է և մասնակիցները հնարավորություն ունեն ցուցադրելու լավագույն արդյունքները տարբեր երկրների ներկայացուցիչների շարքում։ Պետք է պարզապես անցնել հղումով, լրացնել ձևաթուղթը և մասնակցել / http://www.springalive.net/world/contest

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ուսուցիչները, իսկ մասնակիցների քանակը չպետք է պակաս լինի 10-ից։ Անհամբերությամբ սպասում ենք ձեր հայտերին։

Ընդգծենք, որ «Գարնանն Ընդառաջ» միջազգային նախագծի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Յուրաքանչյուր գարնան թռչունները հսկայական ժամանակ և ռեսուրսներ են ծախսում պաշտպանելու համար իրենց բույնն ու ձագերին։ «ԱրԱվես» ՀԿ-ն «Գարնանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում ներկայացնում է օգտակար տեղեկատվություն հայաստանաբնակ թռչնասերների համար։

Ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու, Փողկապավոր քարադր, Առափնյա ծիծեռնակ, Ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։

Իսկ գիտեք, թե ինչո՞ւ է կարևոր պահպանել «գարնան ավետաբերների» բները․․․ Պատկերացրե՛ք, թռչունները բնադրվելու համար անցնում են հազարավոր կիլոմետրեր, որպեսզի կարողանան իրենց համար զույգ գտնել և բնադրվել։ Զույգ գտնելու նպատակով նրանք երգում են իրենց ամենագեղեցիկ երգը, անգամ պայքարում են այլ թռչունների հետ․․․ և ահա՛, երբ զույգը գտնված է, նրանք միասին ճյուղ առ ճյուղ կառուցում են իրենց բույնը, օր ու գիշեր տաքացնում իրենց ապագա ձագերին, բայց ամենադժվար փուլը դեռ առջևում է։ Երբ ձվից դուրս կգան սոված ձագուկները, ծնողները ստիպված կլինեն անդադար սնունդ հայթայթել փոքրիկների համար։

Նշենք նաև, որ «Գարնանն ընդառաջ» ծրագիրն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից՝ HeidelbergCement-ի աջակցությամբ։

Մանրամասները՝ https://www.facebook.com/ArAvesFPWC/posts/3894289237295619

Share your thoughts