«Անգղերի խնջույք՝ անգղերի ռեստորանում»

«Արավես» ՀԿ-ն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ Հայաստանում գործարկում է «անգղերի ռեստորանի» գաղափարը։ Ձմռան ամիսներին, երբ բնական պայմաններում անգղերի սնվելու հնարավորությունները կրճատվում են, նրանք ավելի շատ հավելյալ սննդի կարիք են ունենում, ուստի աշխարհի տարբեր երկրներում իրագործվում է այս գաղափարը։ Ըստ էության՝ վայրի բնության մեջ, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում մեր անտառապահների կողմից տեղադրված սննդի լրացուցիչ աղբյուրներն աստիճանաբար վերածվում են անգղերի հավաքատեղիի, որտեղ նրանք կարող են գտնել անհրաժեշտ սնունդ։ Իսկ քանի որ տարածքը նաև պահպանվում է CWR անտառապահների կողմից, կենդանիների անվտանգությունը ևս երաշխավորված է մարդկանց ազդեցությունից։

Այս շրջանն անգղերի որոշ տեսակների համար հանդիսանում է բազմացման շրջան, ուստի հավելյալ սննդի ապահովումը կարող է մեծ դրական ազդեցություն ունենալ անգղերի հետագա սերունդներ տալու վրա։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ուղիղ հեռարձակվող տեսակապով բոլորը կարող են հետևել այս գերող տեսարանին։ Այն հատկապես ուշագրավ կլինի վայրի բնության սիրահարների համար։ Տեսանյութում հազվագյուտ տեսակներ են՝ սպիտակագլուխ, սև անգղեր, ինչպես նաև՝ գառնանգղ։ Նշված բոլոր տեսակներն ընդգրկված են ՀՀ կենդանիների կարմիր գրքում և հանդիսանում են վտանգված տեսակներ։

Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: